«Ջոկերը» կառաջադրվի «Օսկար 2020»–ի գրեթե բոլոր անվանակարգերում

Warnr Bros. կինոստուդիան մտադիր է «Ջոկեր» ֆիլմն առաջադրել «Օսկար 2020»–ի գրեթե բոլոր հիմնական անվանակարգերում, որոնց ցանկը ներկայացնում է Comic Book պարբերականը, հայտնում է kinonews.ru–ն։

Մասնավորապես, ենթադրվում է, որ ժապավենը կարող է մրցել «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» (Թոդ Ֆիլիպս), «տղամարդու լավագույն դեր» (Հոաքին Ֆենիքս), «տղամարդու` երկրորդ պլանի լավագույն դեր» (Ռոբերտ Դե Նիրո), «կնոջ` երկրորդ պլանի լավագույն դեր» (Զազի Բիտց)։

Ստուդիան կփորձի հաղթանակի հասնել նաև բոլոր տեխնիկական անվանակարգերում` «լավագույն հատուկ էֆեկտներից» մինչև «լավագույն մոնտաժ»։ Թե որքան իրատեսական են այդ հավակնոտ ծրագրերը, հայտնի կդառնա 2020 թվականի հունվարի 13–ին, երբ կայանա «Օսկար 2020»–ի հավակնորդների ներկայացման արարողությունը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ամերիկյան կինոակադեմիայի որոշ անդամներ անտեսել են իրենց համար կազմակերպված ցուցադրությունները։

«Ջոկեր»–ն արդեն ստացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակը, ինչպես նաև դարձել է աշխարհի ամենամեծ վարձույթով նախագիծը, որոնք դուրս են եկել ամերիկյան վարձույթում R վարկանիշով։ Ակնկալվում է, որ ֆիլմն ընդհանուր առմամբ կհավաքի 900 միլիոն դոլար։

Ժապավենը չի ցուցադրվի Չինաստանում, ինչպես այդ վարկանիշով այլ հոլիվուդյան նախագծեր։