Ինտերնետի ստեղծման պատմությունը !
Ինտերնետը ( կամ Համացանցը ) ընդարձակ ցանց է, որի միջոցով աշխարհով մեկ սփռված միլիոնավոր համակարգիչներ կարողանում են հաղորդակցվել միմյանց հետ և փոխանակել տեղեկատվություն: ազմաթիվ ուսումնասիրողներ Ինտերնետի ի հայտ գալն ու լայն տարածում գտնելը կապում են նոր տեխնոլոգիաների զարգացման հետ` այն համարելով 20- րդ դարի գլուխգործոցը:
Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները կարող են ավելի հեռու տանել:
Օրինակ` համաշխարհային ցանցի անբաժան հանրագիտարան «Վիքիփեդիան» տեղեկացնում է, որ Ինտերնետի մասին առաջին անգամ հիշատակել է 19-րդ դարի ռուս գրող, փիլիսոփա և հասարակական գործիչ Վլադիմիր Օդոևսկին իր ուտոպիական «4338 թվական» նովելում: Նման ենթադրություններ կան նաև Արևմտյան գրականության մեջ: 1909թ. Անգլիացի գրող Էդ. Մորգան Ֆորսթերը իր «Մեքենան կանգ է առնում» նովելում ստեղծում է համաշխարհային համակարգ, որը ծառայում է հանրությանը: Այս ամենը վկայում է, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է նպաստել ամենաաներևակայելի արդյունքների հասնելուն:
1957 թվականին, երբ Խորհրդային Միությունն արդեն թողարկել էր Երկիր մոլորակի արհեստական արբանյակը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշեց Ամերիկայի համար ստեղծել տեղեկատվության փոխանցման հուսալի միջոց (պատճառը ակնկալվող պատերազմն էր): Համաձայն ԱՄՆ-ի պաշտպանության հետազոտական նախագծերի գործակալության (DARPA) առաջարկի` փորձ է արվում ստեղծել համակարգչային ցանց, որի նախագծումը հանձնարարվում է Լոս-Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանին, Յուտա նահանգի համալսարանի Ստանֆորդի հետազոտական կենտրոնին: Վերջիներիս համատեղ ուժերով ստեղծվում է ARPANET (անգլ.` Advanced Research Projects Agency Network) կոչվող համակարգչային ցանցը: 1969թ. հոկտեմբերի 29-ը պատմության մեջ հայտնի է որպես ներկայումս Ինտերնետ կոչված երևույթի ստեղծման օր, քանի որ հենց այդ օրը Լոս-Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանում տեղադրվում է ARPANET –ի I-ին սերվերը` 24 KB հիշողությամբ, և այս համալսարանների միջև էլ կատարվում է կապի առաջին փոխանակումը: Կալիֆորնիայի համալսարանից փորձ է արվում միանալ Ստանֆորդի համալսարանի համակարգչին, իսկ փոխանցված ամեն մի սիմվոլ հաստատվում է հեռախոսով: Եվ չնայած առաջին անգամ ընդամենը 3 սիմվոլ` «LOG» ( իրականում պետք է լիներ «LOGON», այսինքն` մուտք դեպի համակարգ ) ուղարկելուց հետո ցանցը դադարում է աշխատել, հաջորդ փորձն ավարտվում է հաջողությամբ: Հարկ է նշել, որ այս նոր տեխնոլոգիայի ստեղծման նպատակը ոչ թե ժամանակակից միջազգային ինտերնետային համակարգի ստեղծումն էր, այլ` տվյալների տեղափոխման ցանցի զարգացումը, որը կդիմակայեր նույնիսկ միջուկային հարձակմանը:
Այսպիսով, ի սկզբանե այս ցանցը կոչվում էր ARPANET: Այն կազմված էր երկու ցանցերից` ռազմական MILNET և փոքր ARPANET, սակայն ժամանակի ընթացքում թյուրիմացությունից խուսափելու համար այդ երկուսը միասին սկսեցին անվանել INTERNET: 1985 թվականին Գիտության Ազգային Ֆոնդը (NSF) ստեղծեց իր սեփական ցանցը, որը շուտով միացվեց INTERNET-ին: Դա հնարավորություն էր տալիս երկրի ցանկացած մասում գտնվող գիտնականի մուտք գործել այդ ցանց, ինչպես նաև թույլ էր տալիս նորովի նայել INTERNET-ի օգտագործման հնարավորություններին: 1980-ական թվականների սկզբին ARPANET-ը և այլ երկրներում ստեղծված նմանատիպ ցանցերը միավորվեցին մեկ համակարգի մեջ: Աշխարհի տարբեր մասերի միջև կապ հաստատվեց ինտերնետային սարդոստայնի օգնությամբ: Հետագայում Ինտերնետի հնարավորություններն էլ ավելի ընդլայնվեցին. հասանելի դարձան զանազան տեղեկատվական և ֆիզիկական ռեսուրսներ, և բազմաթիվ մարդիկ ու ընկերություններ ձգտեցին ցանցից օգտվելու հնարավորություն ստանալ: 1990 թվականին ARPANET-ը դադարեց գոյություն ունենալ:
1971 թ. առաջին անգամ գործարկվեց էլեկրոնային փոստը ցանցում, իսկ 1973 թ. ցանցը դարձավ միջազգային, երբ նրան միացան արտասահմանյան առաջին կազմակերպությունները Բրիտանիայից ու Նորվեգիայից:
1989 թ. Թիմ-Բերներս Լին հայտնագործեց World Wide Web-ը, և մեկնարկեց 1990 թ.: Էլեկտրոնային փոստից հետո այն Ինտերնետի ամենագործածական մասն է, որը հնարավորություն է տալիս ինչպես որոնել, այնպես էլ զետեղել սեփական տեղեկատվությունը Ինտերնետում:
Ինտերնետի մասին խոսելիս, կարծում եմ, հարկ է նշել նաև որոնման համակարգերի մասին (որոնման համակարգերի միջոցով է, որ մենք կարողանում ենք ստանալ տեղեկատվություն ամեն ինչի մասին (թեկուզ երբեմն ոչ ճշգրիտ) ): Համաշխարհային ցանցում I-ին որոնման համակարգը եղել է Wandex-ը, որը 1993 թ. ստեղծել է World Wide Web –ը Մ. Գրեյի կողմից ( այժմ չի գործում ): Նույն թվականին ի հայտ է գալիս նաև մյուս որոնման համակարգը` Aliweb-ը, որը գործում է մինչ այսօր: Իսկ լրիվ տեքստային առաջին որոնման համակարգը եղել է WebCrawler-ը (1994), որը թույլ է տալիս ցանկացած տեղեկատվություն ցանկացած առանցքային բառով գտնել: Հենց այս համակարգն էլ հիմք դարձավ համաշխարհային որոնման մյուս համակարգերի համար: Այսօր աշխարհում հայտնի որոնման համակարգերից են Yahoo-ն, որը 2007թ դեկտեմբերի տվյալներով համաշխարհային շուկայում որոնման երկրորդ համակարգն է, և Google-ը, որը վայելում է ամենամեծ հեղինակություն:
Համացանցին կարելի է միանալ արբանյակային կապի, ռադիոալիքների, հեռախոսի միջոցով: Բջջային հեռախոսից առաջին անգամ համացանցին միանալ հնարավոր եղավ 1996թ. Ֆինլանդիայում: Բջջային հեռախոսից այդ կապի արդյունավետությունը ապահովելու համար ստեղծվեց հատուկ մոդել` Wireless Application Protocol (WAP), որը անհրաժեշտ էր մասնավորապես զարգացող երկրներին, քանի որ այստեղ բջջային հեռախոսով համացանցին միացողների թիվը գերազանցում է անհատական համակարգիչներից օգտվողներին: